Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԽԱՌԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԽԱՌԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2009 | 00:00

Նիկոլո ՄԱՔԻԱՎԵԼԻ

Որևէ երկիր նվաճելով` հռոմեացիները հետևում էին այս կանոններին` հիմնում էին գաղութներ, հովանավորում էին թույլերին, բայց և թույլ չէին տալիս նրանց հզորանալու, զսպում էին ուժեղներին և միջոցներ էին ձեռնարկում, որ երկիր չներթափանցի առավել հզոր օտարերկրացիների ազդեցությունը: Կսահմանափակվեմ Հունաստանի օրինակով: Հռոմեացիներն իրենց կողմը գրավեցին աքայացիներին ու էտոլներին, թուլացրին Մակեդոնյան թագավորությունը, այնտեղից վտարեցին Անտիոքին: Չնայած ունեցած մեծ վաստակին, աքայացիներին ու էտոլներին թույլ չտվեցին ընդլայնել իրենց կալվածքները, չտրվեցին Ֆիլիպի շողոքորթությանը և նրա հետ դաշինք չկնքեցին, քանի դեռ նրա հզորությունը չէին տարտղնել, և տեղի չտվեցին Անտիոքի ճնշմանը, որը փորձում էր Հունաստանում տարածքներ ձեռք բերել: Հռոմեացիները վարվում էին այնպես, ինչպես պետք է վարվեն բոլոր իմաստուն տիրակալները, այսինքն` մտածում էին ոչ միայն այսօրվա մասին, այլև վաղվա, և բոլոր ուժերով ջանում էին կանխել հնարավոր դժբախտությունները, որ դժվար չէ անել, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցները ձեռնարկես, իսկ եթե սպասես, որ աղետը պայթի, ոչ մի միջոց չի օգնի. ախտն արդեն անբուժելի կդառնա:
Համարյա նույնն է, ինչ թոքախտի դեպքում. բժիշկներն ասում են, որ սկզբում այդ հիվանդությունը դժվար է ախտորոշել, բայց հեշտ է բուժել, իսկ եթե խորացել է, հեշտ է ախտորոշել, բայց դժվար` բուժել: Այդպես են պետական գործերն էլ. եթե ժամանակին բացահայտես ձևավորվող աղետը, որ տրված է միայն իմաստուն տիրակալներին, նրանից ձերբազատվելը դժվար չէ, բայց եթե ախտն այնքան է տարածվել, որ տեսանելի է բոլորին, դեղերն արդեն չեն օգնում:
Հռոմեացիները, կանխատեսելով աղետը, անմիջապես միջոցներ էին ձեռնարկում, այլ ոչ թե պատերազմ հրահրելու վտանգից խուսափելու համար անգործության էին մատնվում, քանզի գիտեին, որ պատերազմից հնարավոր չէ խուսափել, միայն կարելի է հետաձգել` հօգուտ հակառակորդի: Այդ պատճառով էլ նրանք որոշեցին պատերազմել Ֆիլիպի ու Անտիոքի հետ Հունաստանի տարածքում, որ հետո ստիպված չլինեն պատերազմել Իտալիայում: Այդ ժամանակ դեռ հնարավոր էր թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ պատերազմից խուսափել, բայց նրանք չցանկացան: Նրանց ունկը չէր շոյում այն ասույթը, որ հիմիկվա իմաստունների շուրթերից չի պակասում` հույս դնել բարենպաստ ժամանակի վրա: Նրանք բարենպաստ համարում էին միայն սեփական խիզախությունն ու հեռատեսությունը: Հապաղումը կարող է վերաճել ինչի ասես, քանզի ժամանակն իր հետ բերում է ինչպես չարիք, այնպես էլ բարիք, ինչպես բարիք, այնպես էլ չարիք:
Բայց վերադառնանք Ֆրանսիային և տեսնենք` կատարե՞լ է իմ թվարկած պայմաններից գեթ մեկը: Ես կխոսեմ ոչ թե Կարլի, այլ Լյուդովիկոսի մասին: Նա ավելի երկար դիմացավ Իտալիայում, այդ պատճառով էլ նրա գործելակերպն առավել տեսանելի է, և դուք կհամոզվեք, որ նա գործել է միանգամայն հակառակը, որպեսզի կարողանա իշխանությունը պահպանել սովորույթներով ու լեզվով օտար երկրում:
Լյուդովիկոս թագավորն Իտալիա մտավ վենետիկցիների շնորհիվ, որոնք, որոշելով ընդլայնել իրենց տիրապետությունը, օգնության դիմաց պահանջեցին Լոմբարդիայի կեսը: Ես չեմ մեղադրում արքային այդ գործարքի համար. ցանկանալով գեթ մեկ ոտքով Իտալիա մտնել և երկրում դաշնակիցներ չունենալով, հատկապես երբ Կարլի ողորմածությամբ Ֆրանսիայի առաջ փակվել էին բոլոր դռները, նա հարկադրված էր դաշինքներ կնքել առանց ընտրության: Նա կարող էր հաջողության հասնել, եթե հետագայում սխալներ չաներ: Նվաճելով Լոմբարդիան` նա Ֆրանսիային վերադարձրեց Կարլի օրոք կորցրած հեղինակությունը, Ջենովան հանձնվեց, ֆլորենտացիները դաշինք առաջարկեցին, Մանտուայի մարքիզը, Ֆերարայի դուքսը, Բենտիվոլիոն, կոմսուհի Ֆորլին, Ֆաենցիայի, Պեզարոյի, Ռիմինիի, Կամերինոյի, Պյոմբինոյի իշխանները, Լուկան, Պիզան, Սիենան, բոլորը ձգվեցին դեպի Լյուդովիկոսը` բարեկամության ջերմ զգացումներով: Այդ պահին վենետիկցիները հասկացան իրենց սխալը` հանուն Լոմբարդիայում երկու քաղաք ունենալու` նրանք թագավորին հանձնեցին Իտալիայի երկու երրորդը:
Դատեք ինքներդ, թե որքան հեշտ կարող էր արքան իր առավելությունն ամրապնդել. պետք էր միայն հետևել այս կանոններին և ապահովել դաշնակիցների անվտանգությունը` բազմաթիվ, բայց թույլ, վախեցած մեկը պապից, մեկը վենետիկցիներից` նրանք հարկադրված էին որոնել արքայի հովանավորությունը, նա կարող էր դաշնակիցների միջոցով ապահովել իրեն նրանցից, ովքեր դեռ պահպանել էին իրենց ուժերը: Բայց հազիվ էր նա Միլան մտել, երբ ձեռնարկեց հակառակը` օգնեց Ալեքսանդր պապին նվաճելու Ռոմանիան: Եվ չնկատեց, որ այդ քայլով խարխլում է իր հզորությունը, վանում է դաշնակիցներին և նրանց, ովքեր իր հովանավորությանը հավատացել էին, բացի այդ` նշանակալից չափով ուժեղացնում է պապի աշխարհիկ իշխանությունը, որն առանց այդ էլ ուժեղ է հոգևոր իշխանությամբ: Առաջին սխալից հետո նա հարկադրված էր շարունակել նույն ճանապարհը` ստիպված էր անձամբ ներկայանալու Իտալիա, որպեսզի կանխի Ալեքսանդրի փառասիրությունը և Տոսկանայի նվաճումը: Բայց Լյուդովիկոսի համար կարծես թե քիչ էր, որ ուժեղացրեց Եկեղեցին և վանեց դաշնակիցներին։ Ձգտելով Նեապոլյան թագավորությանը տիրել` նա կիսեց իշխանությունը Իսպանիայի թագավորի հետ, այսինքն` Իտալիա, որտեղ ինքը տիրակալ էր, բերեց հավասար ուժով մրցակցի, որպեսզի, ինչպես հետո կպարզվի, դժգոհներն ու փառասերները ապաստան ունենան: Վտարելով թագավորին, որ կարող էր դառնալ իր հարկատուն, նա թագավորություն բերեց տիրակալի, որ կարող էր իրեն վտարել:
Իսկապես էլ նվաճումների կիրքը բնական ու սովորական գործ է: Եվ նրանց, որոնք նաև հաշվի են առնում իրենց հնարավորությունները, բոլորը կքաջալերեն կամ ոչ ոք չի մեղադրի, բայց մեղադրանքի արժանի սխալ գործում է նա, ով հաշվի չի առնում իր հնարավորությունները և ձգտում է նվաճումների` ինչ գնով էլ լինի: Արժեր, որ Ֆրանսիան փորձեր տիրել Նեապոլին, եթե կարող էր սեփական ուժերով դա անել, բայց չպետք է փորձեր դա` բաժանման գնով: Եթե Լոմբարդիայի բաժանումը վենետիկցիների հետ դեռ կարելի է բացատրել այն փաստով, որ թագավորին հնարավորություն էր տալիս հաստատվելու Իտալիայում, երկրորդ բաժանումն արժանի է միայն դատապարտման, քանի որ չի կարող արդարացվել նման անհրաժեշտությամբ:
Ընդհանուր հաշվով Լյուդովիկոսը հինգ սխալ գործեց` վտարեց մանր կառավարիչներին, Իտալիայի ներսում օգնեց ուժեղ տիրակալի հաստատմանը, Իտալիա բերեց օտարերկրացու, որը հավասար էր իրեն ուժով, Իտալիան չդարձրեց իր բնակության վայրը, Իտալիայում գաղութներ չհիմնադրեց:
Այդ հինգ սխալներն այդքան էլ կործանարար չէին լինի նրա կյանքի ընթացքում, եթե նա չգործեր վեցերորդը` ոտնձգություն չաներ վենետիկցիների տարածքների նկատմամբ: Վենետիկը պետք էր հանգիստ թողնել մինչև Եկեղեցու հզորությանը նպաստելը և իսպանացիներին հրավիրելը, բայց այս երկու սխալները գործելով` չէր կարելի թույլ տալ Վենետիկի կործանումը: Մնալով հզոր` Վենետիկը կզսպեր Լոմբարդիայի գրավումը, նախ` որովհետև ինքն էլ էր ցանկանում, ապա նաև այն պատճառով, որ ոչ ոք չէր ցանկանա պատերազմի մեջ մտնել Ֆրանսիայի հետ, որ Լոմբարդիան մնա Վենետիկին, իսկ միաժամանակ պատերազմել Ֆրանսիայի ու Վենետիկի հետ ոչ ոք չէր հանդգնի: Եթե ինձ առարկեն, որ Լյուդովիկոսը պատերազմից խուսափելու համար Ռոմանիան զիջեց Ալեքսանդրին, իսկ Նեապոլը` Իսպանիայի թագավորին, կասեմ, որ չի կարելի խառնակություն թույլ տալ պատերազմից խուսափելու նպատակով, քանի որ խուսանավելով` պատերազմից չես խուսափի, իսկ առավելությունը պատերազմում կկորցնես:
...Լյուդովիկոս թագավորը Լոմբարդիան կորցրեց միայն այն պատճառով, որ հրաժարվեց այն կանոններից, որոնց հետևում էին նվաճված երկիրը պահպանել ձգտող տիրակալները: Եվ այստեղ ոչ մի կախարդանք չկա, ընդհակառակը, ամեն ինչ սովորական է ու օրինաչափ: Ես այդ մասին խոսել եմ Նանտում Ռուանի կարդինալի հետ, երբ Ալեքսանդր պապի որդին` Վալենտինոն (Չեզարե Բորջիային ժողովուրդն այդպես էր անվանում), գրավում էր Ռոմանիան: Կարդինալը նկատել տվեց, որ իտալացիները ռազմական գործից թույլ են, ես էլ պատասխանեցի, որ ֆրանսիացիներն էլ թույլ են քաղաքականության մեջ, այլապես կկանխեին Եկեղեցու իշխանության այդքան հզորացումը: Ինչպես փորձը ցույց տվեց, Եկեղեցին ու Իսպանիան Ֆրանսիայի շնորհիվ ընդայնեցին իրենց տիրապետությունն Իտալիայում, իսկ Ֆրանսիան նրանց շնորհիվ կորցրեց ամեն ինչ: ՈՒստի կարելի է եզրակացնել, ինչը քանիցս ապացուցվել է փորձով, որ անխելք է նա, ով բազմապատկում է օտարի հզորությունը, քանի որ դա ձեռք է բերվում հմտությամբ կամ ուժով, իսկ այս երկու արժանիքները չեն վայելում նրա վստահությունը, ում հզորությունը վիճարկվում է:
(շարունակելի)
Թարգմանեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ